Լեւոն Արոնյան եւ Արիանա

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանն ուղիղ մեկ ամիս է` Հայաստանում է: Նա այստեղ է իր սիրելիի` ֆիլիպինուհի Արիանայի հետ: Լեւոն Արոնյանին պատահաբար հանդիպեցինք թենիսի եւ ֆիտնեսի ակումբում ընկերուհու հետ մարզվելիս:):

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանն իր սիրելիի` ֆիլիպինուհի Արիանայի հետ

Զույգը միասին չէր մարզվում. Լեւոնը նախընտրել էր ֆիտնեսը, ընկերուհին էլ` թենիսը: Մինչ անվանի շախմատիստը մարզվում էր ֆիտնեսի դահլիճում, Արիանան սիրով համաձայնեց լուսանկարվել BRAVO.am-ի համար:): Հետո մեզ միացավ Լեւոն Արոնյանը, ում հետ էլ զրուցեցինք` չխանգարելով Արիանայի թենիսի պարապմունքը: Ի դեպ, զույգն իրար հետ շփվում է անգլերենով, Լեւոնի արտասանած հայերեն բառերն էլ ֆիլիպինուհին նույնությամբ կրկնում է:):

Արիանան պրոֆեսիոնալ թենիսիստուհի չէ, բայց իր սիրելի մարզաձեւերից մեկով նույնիսկ Երեւանում է պարապում: “Սիրողական խաղացող է, բայց վատ չի խաղում, ես էլ եմ խաղում, բայց շատ վատ:)”, – ժպտալով ասաց Լեւոն Արոնյանն ու ավելացրեց, որ սիրում է սպորտային  տարբեր խաղեր խաղալ. “Այս անգամ որոշեցի ֆիզիկապես ուժեղանալ. ֆիտնեսով զբաղվելը նույնպես կարեւոր է”:

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանն ուղիղ մեկ ամիս է` Հայաստանում է

Ինչպես BRAVO.am-ին տեղեկացրեց գրոսմայստերը` հանգստանալու համար չէ, որ եկել է Հայաստան. “Երբ շախմատիստը հասնում է մի կետի, որտեղից չի ուզում նահանջել, ետ գնալ, էլ հանգիստ չի ունենում: Այնքան էլ չենք շրջում Հայաստանի տեսարժան վայրերով. ես եկել եմ պարապելու, ընկերուհիս էլ իր թեզի համար է եկել Հայաստան. քաղաքագետ է, Հայաստանն էլ ընդգրկել է իր գիտական աշխատանքի մեջ:)”:

Արիանան Հայաստանում է արդեն 6-րդ անգամ, իր սիրելի կատվին Հայաստան չի բերել, Բեռլինում է թողել: Ինչպես նշում է Լեւոնը, եթե չհավաներ մեր երկիրը, նորից չէր վերադառնա. “Այստեղ հավանում է մարդկանց մտերմությունը, ջերմ վերաբերմունքը: Իմ ընկերներից, ընտանիքի անդամներից զգում է այդ ջերմությունը”:

Արիանան պրոֆեսիոնալ թենիսիստուհի չէ, բայց իր սիրելի մարզաձեւերից մեկով նույնիսկ Երեւանում է պարապում

Իր անձնական կյանքից խոսել չսիրող գրոսմայստերը BRAVO.am-ի հետ զրույցում ասաց` հստակ չգիտի` երբ կլքի ամուրիների շարքը. “Այժմ հանդիպում եմ ընկերուհուս հետ, դեռ դրանով բավարարվում ենք:)”:

Լեւոն Արոնյանն այս օրերին շախմատային պարապմունքներ է անցկացնում Դիլիջանում, այնտեղ էլ շախմատիստին լիարժեք հանգստանալ չի հաջողվում. “Հայաստանի շատ քաղաքներում ենք լինում, բայց հատուկ հանգստանալու առիթով քիչ ենք գնում: Եթե գնամ հանգստանալու, կգնամ Տավուշի մարզ` Նոյեմբերյան, որտեղից արմատներով մայրիկս է”:

Լեւոնն ու Արիանան դեռ Հայաստանում են, հուլիսի 12-ին կմեկնեն Չինաստան` մրցաշարի, այնուհետեւ կվերադառնան Բեռլին:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/ եւ Լեւոն Արոնյանի անձնական արխիվից

 

Թողնել մեկնաբանություն

Դուք պետք է մուքտ գործեք մեկնաբանություն թողնելու համար