Այսօր առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ինչպես Տավուշից News.armeniatv.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի Սալկուտ կոչվող հանդամասում խոշոր ավտովթար է տեղի ունեցել:
Շտապ դեպքի վայր են մեկնել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը` ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Արմեն Անտոնյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ ժամը 10:30-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում` Սալկուտ կոչվող հանդամասում սարալանջից իջնելու ժամանակ, Բերդավան գյուղի բնակիչ, 26-ամյա Վահան Լյուդվիգի Եվգենյանը, վարելով «ԳԱԶ 66» մակնիշի 58 ԼՏ 259 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից, շրջվել, ապա մոտավորապես 50-80 մետր գլորվել ձորը:
Պատահարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ուղևորներ` 37-ամյա Արմեն Սամվելի Քարիմյանը և նորածին Սերգեյ Էդիկի Աբրահամյանը տեղում մահացել են:
Մարմնական տարբեր աստիճանի` ծանր և միջին վնասվածքներ են ստացել ավտոմեքենայում գտնվող`
1. 3-ամյա Գոռ Վահրամի Եվգենյանը,
2. 7-ամյա Հեղինե Վահրամի Եվգենյանը,
3. 51-ամյա Ռաշիդ Զեյնարի Ոսկանյանը,
4. 15-ամյա Անժելա Արայիկի Քարիմյանը,
5. 26-ամյա Վահան Լյուդվիգի Եվգենյանը,
6. 14-ամյա Արթուր Արայիկի Քարիմյանը,
7. 7-ամյա Կարեն Էդիկի Աբրահամյանը,
8. 26-ամյա Նունե Սեյրանի Միքայելյանը,
9. 28-ամյա Հայարփի Խաչատուրի Պետրոսյանը,
10. 29-ամյա Ալլա Երվանդի Բարսեղյանը,
11. 29-ամյա Դոնարա Լյովայի Եվգենյանը:
Ավտովթարի վայր են շտապել նաև Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Տավուշի մարզի փրկարարները: Եվ քանի որ նշված հատվածն անանցանելի է ճանապարհի անբարեկարգ լինելու պատճառով, ձոր է, փրկարարները վիրավորներին և մահացածներին դուրս են բերել ուղղաթիռով, քանի որ մեքենայով նշված հատված գնալը, կարելի է ասել, հանցագործություն է:
Նշենք, որ ուղղաթիռը տրամադրել է Պաշտպանության նախարարությունը քանի որ միայն ուղղաթիռով է եղել հնարավոր վիրավորներին և մահաղցածներին դուրս բերել վթարի վայրից ինչի համար Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը դիմել էր պաշտպանության նախարարին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է նաև որ դեպքի վայրում է եղել նաև Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Արմեն Անտոնյանը, և Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, դեպքի վայրց նրանք գնացել են Նոյեմբերյանի հիվանդանոց վիրավորվածներին այցելության: Նշենք որ բոլոր վիրավորները տեղափոխվել են Նոյեմբերյանի հիվանդանոց. որտեղ նրանց մի մասը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը մեզ հայտնեց, որ վիրավորներից վեցի վիճակն այնքան ծանր է եղել, որ նրանց ուղղաթիռով տեղափոխել են Երևան:
Այնտեղ էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ հրամանատար Նարգիզյանի և Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի քննիչ Հայկ Բեգլարյանը:
Ֆոտոլրագրողը հայտնեց նաև, որ փաստի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
armeniatv.com
RSS
Twitter









Տեղադրվել է
Տեգեր 

