- Պարոն Ղուլարյան, ի՞նչ ազդեցություն ունեցավ համաշխարհային տնտեսական ճգնաժամը Տավուշի մարզի տնտեսության վրա, ո՞ր ոլորտները տուժեցին: Եվ այն պնդումները, թե ճգնաժամն արդեն անցել է, եւ տնտեսությունը զարգանում է, մարզի վրա նկատելի՞ են:
- Ճգնաժամից մարզի ո՞ր ոլորտները տուժեցին, ասեմ՝ բոլոր ոլորտները: Ծրագրերը անկատար չմնացին, պարզապես դրանց կատարման տեմպերը դանդաղեցին: Կառավարությունն աշխատեց չկասեցնել սահմանամերձ մարզերում իրականացվող ծրագրերը, միայն ծավալները պակասեցին, հատկացված միջոցները կիսով չափ կրճատվեցին: Սառեցվեցին ներդրումային ծրագրերը, որոնք իրականացնում էին անհատները: Սովորաբար ճգնաժամի արձագանքները երկար ժամանակ են մնում, եւ չի կարող ճգնաժամը անմիջապես ավարտվի եւ միանգամից սկսվի զարգացումը: Բայց այն, որ զարգացում կա, դա փաստ է: Դա արտահայտվում է թե գյուղատնտեսության, թե փոքր ու միջին բիզնեսի, թե շինարարության ոլորտներում: Այսօր մեր մարզը, հատկապես Դիլիջանը, շինարարության ոլորտում որակյալ վարպետների ու բանվորների կարիք է զգում, ինչը լավատեսություն է ներշնչում: Վերջին շրջանում կառավարության կողմից իրականացվող որոշ հակաճգնաժամային եւ հետճգնաժամային միջոցառումները զարգացման տեմպերի հույս են տալիս: Փոքր ու միջին բիզնեսի զարգացման ընթացքը, կարծես թե, մեզ մոտ ավելի ցածր է: Բայց վերջին շրջանում, հատկապես ամառվա ընթացքում, տուրիզմի ծավալներն աճեցին, դրան նպաստեցին նաեւ կլիմայական պայմանները, շոգը: Ընդհանուր առմամբ զարգացում կա, հույս ունեմ, որ հաջորդ տարի դա ավելի շոշափելի կլինի: Վերջին շրջանում խնդիրներ ունեցանք՝ կապված ճանապարհների սողանքների հետ, որոնք մեր ներդրումային գործընթացները կասեցրին: Թեեւ վաղուց ճանապարհները վերականգնել ենք, դրանք գործում են, բայց շատերը տեղյակ չեն եւ Երեւանում դեռ հարցնում են. «Ճանապարհները սարքե՞լ եք»:
- Առաջիկայում ի՞նչ ծրագրեր կիրականացվեն մարզում:
- Շատ ոգեւորված ենք Կենտրոնական բանկի մասնաճյուղի շինարարությամբ: Կարեւորը ոչ այնքան բանկի կառույցն է, այլ այն, որ մի նոր կուլտուրա է մտնում, քանի որ նրանք վերցրել են շինարարության որակի եւ տեխնոլոգիաների իրականացման շատ բարձր նշաձող, ինչը մեր շինարարների համար, կարծես, նոր ուղենիշ լինի: Շուտով կսկսվի նաեւ բնակելի շենքի կառուցումը, հույս ունենք, որ Դիլիջանում կկառուցվի նոր տեխնոլոգիաներով հագեցած գրադարանը: Նախատեսում ենք ավարտել դեպի Չինարի գյուղ գնացող ճանապարհի բարեկարգումը, Կոթի գյուղի ինքնահոս ոռոգման համակարգը, քննարկում ենք նաեւ գազիֆիկացման ծրագրերը այն համայնքներում, որոնք մնացել են դեռեւս խորհրդային տարիներից, Կոթի-Ոսկեպար, Բագրատաշենի թեւը, Գոշի, Աղավնավանքի հատվածը եւ այլն: Հույս ունենք, որ IFAD-ի (Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ) ծրագրով դրանք կավարտենք:
- Սահմանամերձ այս մարզի գյուղատնտեսները տարատեսակ խնդիրներ ունեն՝ սկսած մարզի աշխարհագրական-ռազմավարական դիրքից, մինչեւ մթերումների հետ կապված դժվարությունները: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում գյուղատնտեսներին օգնելու ուղղությամբ:
- Գյուղատնտեսական ոլորտի զարգացումը մեր մարզի համար առաջնային է: Ծրագիր ունենք անասնապահության զարգացման ուղղությամբ՝ հեռագնա արոտների բարեկարգում եւ կառավարում: Աշխատանքներ են կատարվում Համաշխարհային բանկի միջոցներով: Գնալով մեծանում են ծխախոտագործության ծավալները: Մնում է «Մասիս Տոբակը» կարողանա ժամանակին չորացնող խցիկներ պատրաստել, որպեսզի հնարավոր լինի հավաքած կանաչ զանգվածը ժամանակին չորացնել: Այս տարվա գերխոնավության ու կարկուտի հետեւանքով զգալի վնասներ ունեցանք: Բավականին լավ է խաղողագործության վիճակը, այստեղ խնդիրներ չունենք: Մթերողները պարտավորվել են ժամանակին ընդունել խաղողը. Երեւանի կոնյակի գործարանը կմթերի մինչեւ 3000 տոննա, Իջեւանի գինու գործարանը՝ մոտ 400 տոննա: Կմթերեն նաեւ Երեւանի շամպայն գինիների գործարանը, Տավուշի գինու գործարանը, Բերդավանի գինու գործարանը: Իսկ, ընդհանուր առմամբ, գյուղատնտեսության բնագավառում ակնկալում ենք մեկ-երկու տարում զգալի դրական արդյունքներ տեսնել:
- Տավուշի մարզն իր թե բնակլիմայական պայմաններով, թե պատմական հուշարձաններով ու տեսարժան վայրերով բավականին հարուստ է եւ կարող է լինել ոչ միայն հայաստանցիների, այլեւ օտարերկրացի զբսաշրջիկների համար հետաքրքիր զբոսավայր, հատկապես, երբ կան նաեւ լավ հանգստյան տներ, առողջարաններ ու հյուրանոցներ: Բայց օտարերկրացիների հոսքն այստեղ, կարծես թե, այդքան էլ շատ չէ: Նրանք Հայաստան գալիս ունեն նախատեսված հստակ եւ կոնկրետ մի քանի վայրեր, որոնք ավելի մոտ են մայրաքաղաքին: Քայլեր ձեռնարկվո՞ւմ են նրանց համար Տավուշը բացահայտելու եւ հետաքրքրություն առաջացնելու ուղղությամբ, որպեսզի մարզում զարգանա արտաքին տուրիզմը:
- Ես համակարծիք չեմ ձեզ հետ: Այստեղ մեր Դիլիջանի հանգստյան տներում երբեմն ասեղ գցելու տեղ չի լինում: Դուք լավ չեք տեղեկացված: Այս տարի տուրիզմի բնագավառում մոտենում ենք 2007թ. ցուցանիշներին:
- Ձեր աշխատանքը բարձր է գնահատվում տարածքային կառավարման նախարարի կողմից…
- Գնահատականների մասին եկեք չխոսենք: Ես չեմ կարծում, թե մարզպետների աշխատանքների միջեւ շատ մեծ տարբերություն կա: Ես կարող եմ ասել, որ այդ գնահատականները պայմանական, սիմվոլիկ բաներ են: Ես աշխատում եմ շատ արագ մոռանալ նման գովեստները, պարզապես աշխատել է պետք՝ առանց գնահատականի ակնկալիքների, քանի որ խնդիրներ ու գործեր շատ կան: Ի՞նչ խոսք, ոգեւորությունը միշտ պետք է լինի, դրա հետ միասին՝ նաեւ պատասխանատվությունն ու աշխատանքի ձգտումը:
- Իսկ լինո՞ւմ են պահեր, երբ դուք դժգոհ եք ձեզնից, ձեր աշխատանքից եւ ինքնաքննադական պահեր եք ապրում:
- Լինում են: Ոլորտներ կան, որ հաջողությունները դանդաղում են, ծրագրերը դանդաղորեն են ընթանում: Կարծում եմ, որ վերահսկողության հետ կապված հարցերը պետք է ավելի հստակեցնենք: Բոլոր ոլորտների նկատմամբ վերահսկողությունը պետք է ուժեղացվի: Հատկապես վերջին ստուգումների արդյունքում մենք տեսանք, որ իրականում կան ոլորտներ, որ որքան էլ վստահենք, պետք է վերահսկենք: Շղթայված կապեր պետք է ստեղծել, որպեսզի աշխատանքները համակարգված վերահսկվեն: Կա նաեւ կադրերի խնդիր, ժամանակը պահանջում է ավելի արագ մտածող եւ ավելի հստակ գործող մասնագետներ: Ժամանակը պետք է ավելի արդյունավետ օգտագործվի, որպեսզի հասնենք մաքսիմում արդյունքի: Միգուցե այսքանով սահմանափակվե՞նք, թե չէ, եթե շատ ինքնաքննադատեմ, կստացվի, որ ձեր ասած գնահատականը իզուր է ինձ տրվել: Դե աշխատանք է, իսկ որքան շատ ես աշխատում, այնքան շատ թերություններ ես տեսնում:
Աղբյուրը` aravot.am
RSS
Twitter

Տեղադրվել է 

