ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Ավտոտրանսպորտային միջոցների

օգտագործումից բխող


պատասխանատվության


պարտադիր ապահովագրություն (ԱՊՊԱ)

Հայաստանում տարեկան միջինը տեղի է ունենում 2100 ՃՏՊ, որի հետևանքով զոհվում է 350 մարդ, վիրավորվում՝ 2750-ը։ Տարեկան ՃՏՊ-ների հետևանքով առաջացած ծախսերի ընդհանուր գումարը կազմում է մոտավորապես 70-100 մլն ԱՄՆ դոլար, և այս ծախսերում ներառված չեն միայն գույքի վնասվածքով վթարները, որոնք մի փոքր ավելի ցածր են։
ՃՏՊ-ների հետևանքով հսկայական վնաս է հասցվում տուժող անձանց առողջությանը և գույքին, որի հատուցման պարտավորությունը կրում է մեղավոր կողմը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդված 1058): Նման ծախսերի փոխհատուցման պարտավորության առաջացումը մեծամասամբ հանգեցնում է ֆինանսական դժվարությունների մեղավոր կողմի մոտ, ինչի հետևանքով ամբողջությամբ կամ մասամբ վնասները մնում են անհատույց, և արդյուքնում տուժում են անմեղ մարդիկ: Արդյունքում ֆինանսական ծանր վիճակում են հայտնվում և’ մեղավոր, և’ տուժող կողմը: Այս խնդրի լուծման ամենաարդյունավետ միջոցը տրնասպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրությունն է, ինչը աշխարհի բազում երկրներում պարտադիր է: Այսուհետ ՀՀ-ում ևս ապահովագրության այս տեսակը պարտադիր է.
“Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին” ՀՀ օրենքն ընդունվել է 2010թ. մայիսի 18-ին և ուժի մեջ է մտել  2010թ. հունիսի 26-ից:

Ի՞նչ է ԱՊՊԱ-ն:

Տրանսպորտային միջոցն (ՏՄ) օգտագործող անձի պատասխանատվության ապահովագրություն:

Ո՞րն է ընդունված օրենքի հիմնական խնդիրը:


ԱՊՊԱ-ի հիմնական խնդիրը տրանսպորտային միջոցների օգտագործման հետևանքով տուժած անձանց շահերի պաշտպանության երաշխավորումն է:

Ի՞նչ է ԱՊՊԱ պայմանագիրը:


Ապահովագրական ընկերության և ապահովադրի (պայմանագիրը կնքողի) միջև օրենքի համաձայն կնքված ապահովագրության պայմանագիր:

Ի՞նչ է ԱՊՊԱ կտրոնը:


ԱՊՊԱ պայմանագրի կնքման փաստը հաստատող կտրոն, որը տրվում է պայմանագրի կնքումից հետո: ԱՊՊԱ կտրոնը պետք է փակցվի ՏՄ դիմապակու ներքևի աջ անկյունում:

Ի՞նչ է պարտադրում օրենքը:


2011թ.-ի հունվարի 1-ից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի սեփականատեր պետք է ունենա կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր:

2011թ.-ի հունվարի 1-ից.

  • արգելվում է տրանսպորտային միջոցի վարումը առանց  գործող ԱՊՊԱ պայմանագրի,

  • արգելվում է առանց գործող ԱՊՊԱ կտրոն ներկայացնելու տրանսպորտային միջոցների պետական հաշվառում անցկացնելը,

  • արգելվում է առանց գործող ԱՊՊԱ կտրոն ներկայացնելու տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում իրականացնելը,

  • արգելվում է պետական մարմիններին ԱՊՊԱ կտրոն չունեցող տրանսպորտային միջոցները վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծում թույլատրելը:

Ո՞րքան պետք է վճարի հաճախորդը:

ԱՊՊԱ պայմանագրով նախատեսվող ապահովագրավճարի չափը կազմում է

19,000 – 110,000 ՀՀ դրամ գումար:


Ի՞նչ է նախատեսվում ԱՊՊԱ պայմանագրի բացակայության դեպքում:


Համաձայն օրենքի`


  • Առանց ԱՊՊԱ գործող պայմանագիր ունենալու տրանսպորտային միջոց վարելը տուգանվում է 50,000 ՀՀ դրամով:


  • ԱՊՊԱ  գործող պայմանագիր չունենալը, որը տևել է ավելի քան 10 օր, առաջացնում է տուգանքի նշանակում ամեն 10 օրվա համար` 5,000 ՀՀ դրամ, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան 50,000 ՀՀ դրամ:


  • Առանց ԱՊՊԱ կտրոնը սահմանված տեղում փակցնելու տրանսպորտային միջոց վարելը տուգանվում է 10,000 ՀՀ դրամով:


  • Կեղծված, չգործող կամ այլ տրանսպորտային միջոցի համար տրված ԱՊՊԱ կտրոնով տրանսպորտային միջոց վարելը տուգանվում է 150,000 ՀՀ դրամով:


  • Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի կողմից ԱՊՊԱ կտրոնը այլ անձի հանձնելը տուգանվում է 100,000 ՀՀ դրամով:


  • Առանց գործող ԱՊՊԱ կտրոն ներկայացնելու տրանսպորտային միջոցը հաշվառելը կամ դրա նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելը կամ ԱՊՊԱ կտրոն չունեցող տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելը առաջացնում է տուգանք համապատասխան պաշտոնատար անձի նկատմամբ` 500,000 ՀՀ դրամի չափով:

Ի՞նչն է ենթակա պարտադիր ապահովագրման:


2011թ. հունվարի 1-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր պետք է ունենան բոլոր անիվավոր տրանuպորտային միջոցները, մասնավորապես`

  • թեթև մարդատար ավտոմոբիլներ,

  • ավտոբուսներ, միկրոավտոբուսներ,

  • բեռնատարներ,

  • մոտոցիկլետներ,

  • տրոլեյբուսներ,

  • քարշակներ:

Ովքե՞ր են պարտավոր կնքել ԱՊՊԱ պայամանագիր:


ԱՊՊԱ պայմանագրի կնքման պարտավորություն են կրում.

  • ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոցի (ՏՄ) սեփականատերը

  • ՏՄ օտարման պայմանագրով գնորդը

  • ՏՄ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալը

Վերը նշված անձինք իրավունք ունեն լիազորելու այլ անձանց իրենց անունից ԱՊՊԱ պայմանագիր կնքել:

Ի՞նչ ժամկետով է կնքվում ԱՊՊԱ պայմանագիրը:


ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է.

նվազագույնը 3 ամիս ժամկետով
առավելագույնը 1 տարի ժամկետով

Ե՞րբ է ուժի մեջ մտնում ԱՊՊԱ պայմանագիրը:


Մինչև 2011 թվականի հունվարի 1-ը կնքված ԱՊՊԱ պայմանագրերն ուժի մեջ են մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

Ո՞ր վնասներն են ենթակա հատուցման:


ԱՊՊԱ պայմանագրով ապահովագրվում են այն վնասները, որոնք առաջացել են տրանսպորտային միջոցների օգտագործումից մյուս` տուժող կողմին, պատճառված հետևյալ վնասներից.

  • անձնական վնասներ`

  • տուժողի առողջությանը պատճառված վնասներ

  • տուժողի առողջությանը պատճառված վնասների հետևանքով կորցրած աշխատավարձ (եկամուտներ)

  • մահ

  • տուժողի գույքին պատճառված վնասներ.

  • տուժողի ՏՄ-ի վնասվածքը, ոչնչացումը կամ կորուստը

  • վնաս պատճառողի ՏՄ-ի մեջ (վրա) գտնվող և տուժողին պատկանող գույքի վնասվածքը, ոչնչացումը կամ կորուստը

  • տուժողին պատկանող այլ գույքի վնասվածքը, ոչնչացումը:

Ո՞վ է հատուցում վնասը, եթե վնաս պատճառող անձն անհայտ է, վնաս պատճառողը չունի ԱՊՊԱ պայմանագիր, ապահովագրական ընկերությունը ճանաչվել է անվճարունակ և այլն:


Ապահովագրական ընկերությունների միջոցների հաշվին ստեծվելու է երաշխավորման ֆոնդ, որի շնորհիվ կիրականացվի տուժողների կրած վնասների հատուցումը:

Ո՞րքան է կազմում հատուցման առավելագույն չափը:


ԱՊՊԱ պայմանագրով նախատեսվող հատուցման առավելագույն չափը (ապահովագրական գումարը) մեկ ապահովագրական պատահարի համար պետք է պակաս չլինի.

  • 3,000,000 ՀՀ դրամից անձնական վնասների համար` ըստ յուրաքանչյուր տուժողի և  9,000,000 ՀՀ դրամից յուրաքանչյուր պատահարի համար,

  • 1,500,000 ՀՀ դրամից գույքին պատճառված վնասների համար` ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի:

Ի՞նչ է Բյուրոն:


Վերահսկող մարմին, որի նպատակը տուժած անձանց շահերի պաշտպանությունն է և պարտադիր ապահովագրության համակարգի կայունության և զարգացման ապահովումը:

Ո՞ր օրենքներով են կարգավորվում ԱՊՊԱ հարաբերությունները:


Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են.

  • ՀՀ քաղաքացիական օրենսգրքով (54-րդ գլուխ),

  • «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով,

  • «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքով,

  • ՀՀ կենտրոնական բանկի իրավական ակտերով,

  • Բյուրոյի կանոններով և իրավական այլ ակտերով:

Թողնել մեկնաբանություն

Դուք պետք է մուքտ գործեք մեկնաբանություն թողնելու համար